Powered By Blogger

среда, 21 августа 2013 г.

Դասական

Որքան հարուստ է մարդու երևակայությունը, այնքան քիչ է տրվում պատրանքների, այնքան ավելի է ներդաշնակվում իրականությանը, և որքան պայծառ է ինքնադրսևորվում անհատականությունը, այնքան ավելի է ձգտում միասնանալու ամենայն գոյի հետ։ Քանզի անձի մեծությունը ինքը` անձը չէ, այլ իր բովանդակությունը, իսկ այն համապարփակ է. ճիշտ այդպես` լճի խորության մասին մենք դատում ենք ոչ թե իր չափերով, այլ` իջվածքի խորությամբ:
Եթե մարդը իսկապես ծարավի է ռեալության և չի կարող գոհանալ իր երևակայության ստեղծած ֆանտաստիկ տիեզերքով, նա, ակնհայտ է, ավելի լավ է առաջնորդվի աշխարհի օրենքներով, ոչ թե սեփական քմահաճույքներով: Անողոք իրականությունը երբեմն հակադրվում է մեր կամքին, բախվելով նրան, հաճախ փշրվում են մեր երազանքները, բայց չէ՞ որ քայլել սովորող երեխան էլ է ընկնում ու վնասում իրեն։ Եվ այնուամենայնիվ, հատկապես այդ պինդ գետինն է, որ երեխային ցավ պատճառելով, քայլելու հնարավորություն է տալիս։ Մի անգամ, կամրջի տակով լողալիս, իմ զբոսանավի կայմը լռվեց, դեմ առնելով չորսուներից մեկին։ Եթե կայմը գոնե մի պահ ճկվեր մեկ-երկու դյույմի չափով, եթե կամուրջը կորացներ մեջքը` հորանջող կատվի նման, եթե ջրի մակարդակն իջներ գետում, ամեն ինչ ինձ համար բարեհաջող կավարտվեր։ Մինչդեռ ո՛չ կայմը, ո՛չ կամուրջը, ո՛չ գետը բարեհաճ չգտնվեցին անօգնական վիճակում հայտնվածիս նկատմամբ: Բայց հենց այդ պատճառով էլ ես նավարկում եմ գետով, բարձրացնում եմ կայմս, հուսալով նաև, որ երբ գետն ինձ քշի, կամուրջը կփրկի: Այսպիսին են հանգամանքները, և եթե ուզում ենք գործել դրանց համապատասխան, նախ պետք է ուսումնասիրել դրանք։ Հանգամանքների իմացությունն անհրաժեշտ է, քանզի դրանք չեն ենթարկվում մեր ցանկություններին։ Այդ իմացությունը երջանկություն է մեզ համար, քանզի ապահովում է մեր կապը շրջապատի հետ, աշխարհը մոտեցնում մեզ և այդպիսով ընդլայնում մեր «ես»-ի սահմանները:
Ամեն քայլափոխի մենք պարտավոր ենք, սեփական շահերից առավել, ուշադրության առնել ուրիշների շահերը։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.